
378 դիտում
Սիրտը օրգանիզմի շարժիչն է, այն մատակարարում է արյուն և թթվածնին ամբողջ օրգանիզմին։ Սակայն սրտի առողջության մասին հաճախ սկսում ենք մտածել միայն այն ժամանակ, երբ ի հայտ են գալիս առաջին անհանգստացնող նշանները։
Սեպտեմբերի 29-ը նշվում է որպես Սրտի համաշխարհային օր, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը սրտանոթային հիվանդությունների, դրանց կանխարգելման և վաղ հայտնաբերման կարևորության վերաբերյալ։ 2026 թվականին Սրտի համաշխարհային ֆեդերացիան շարունակում է՝ «Բաց մի թող սրտի ոչ մի զարկ» համաշխարհային արշավը՝ այս տարվա շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ սրտի հիվանդությունները կարող են երկար ժամանակ մնալ աննկատ։ Արշավը կոչ է անում ճանաչել նույնիսկ այն նշանները, որոնք հեշտ է անտեսել, հոգ տանել սրտի մասին և ժամանակին դիմել բժշկական օգնության։
Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ մահվան առաջատար պատճառը աշխարհում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին գնահատականներով՝ 2022 թվականին սրտանոթային հիվանդություններից մահացել է շուրջ 19.8 միլիոն մարդ, ինչը կազմել է աշխարհում գրանցված բոլոր մահերի մոտ 32%-ը։ Այդ մահերի շուրջ 85%-ը պայմանավորված է եղել սրտամկանի ինֆարկտով և ինսուլտով։ Սրտանոթային հիվանդություններից մահերի ավելի քան երեք քառորդը գրանցվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։
Սրտի համաշխարհային ֆեդերացիան 2026 թվականի իր արշավում նշում է, որ սրտանոթային հիվանդությունները տարեկան խլում են ավելի քան 20 միլիոն մարդու կյանք, մինչդեռ դրանց հետ կապված մահերի զգալի մասը հնարավոր է կանխարգելել կամ ռիսկը նվազեցնել։
Հայաստանում սրտանոթային և արյան շրջանառության համակարգի հիվանդությունները նույնպես շարունակում են մնալ մահացության հիմնական պատճառներից։ 2025 թվականին Հայաստանում մահացել է 25564 մարդ, որոնցից 13125-ը՝ 51.3%-ը, մահացել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունների հետևանքով։ Այսպիսով, տվյալ հիվանդությունների խմբին բաժին է ընկել երկրում գրանցված մահերի ավելի քան կեսը։ Միևնույն ժամանակ այս ցուցանիշը 2024 թվականի համեմատ նվազել է 2.7%-ով։ Տվյալները հիմնված են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների վրա։
ԱՀԿ-ի Հայաստանի առողջապահական համակարգի գնահատականում ևս նշվում է, որ ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են երկրում մահերի գերակշիռ մասը, իսկ սրտանոթային հիվանդությունների հիմնական ռիսկերի շարքում առանձնանում են զարկերակային բարձր ճնշումը, ծխախոտի օգտագործումը, անբավարար ֆիզիկական ակտիվությունը և ոչ առողջ սննդակարգը։
Սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականության վրա մեծ ազդեցություն ունեն այնպիսի փոփոխելի ռիսկի գործոններ, ինչպիսիք են՝
• ծխախոտի և նիկոտինային արտադրանքի օգտագործումը,
• անառողջ սննդակարգը և աղի չափից ավելի օգտագործումը,
• ֆիզիկական թերակտիվությունը,
• ալկոհոլի վնասակար օգտագործումը,
• ավելորդ քաշն ու ճարպակալումը,
• զարկերակային բարձր ճնշումը,
• արյան մեջ գլյուկոզայի և խոլեստերինի բարձր մակարդակները,
• օդի աղտոտվածությունը։
Սրտի համաշխարհային ֆեդերացիան ընդգծում է, որ սրտանոթային հիվանդություններից մահերի շուրջ 80%-ը կապված է կանխարգելելի կամ վերահսկելի ռիսկի գործոնների հետ։ Նույնիսկ առօրյա փոքր փոփոխությունները՝ ավելի շատ շարժվելը, առողջ սննդակարգը, ծխախոտից հրաժարվելը, զարկերակային ճնշման, գլյուկոզայի և խոլեստերինի պարբերական վերահսկումը, կարող են կարևոր դեր ունենալ սրտի առողջության պահպանման գործում։ Սրտանոթային հիվանդությունները միշտ չէ, որ սկսվում են արտահայտված ախտանշաններով։ Հենց այդ պատճառով կարևոր է չանտեսել օրգանիզմի ազդակները և չսպասել, մինչև խնդիրն ավելի խորանա։
Յուրաքանչյուր զարկ կարևոր է։ Ճանաչե՛ք ռիսկերը, հետևե՛ք ձեր սրտի առողջությանը և բաց մի՛ թողեք ոչ մի նշան